Երբ հիստերիան «առակ» է դառնում

Дата публикации: 28 октября 2019

Բումերանգի օրենքը չիմանալը բումերանգի պատասխանատվությունից չի ազատում

 

Հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտում կայացած «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» Արցախի բարեկամների միջազգային համաժողովը Անդրկովկասում մեր արեւելյան հարեւանների մոտ առաջացրեց միանգամայն կանխատեսվող արձագանք։ Թերեւս որեւէ այլ արձագանք այսօր չի էլ ակնկալվում։ Քանզի Ադրբեջանի իշխանություններին, որոնք շարունակում են սեփական «ունեցվածք» համարել դեռ 1991—ին ինքնորոշման ուղին (միջազգային իրավունքի նորմերին լիովին համապատասխան) հռչակած Արցախը, անչափ վրդովվեցնում է այն իրողությունը, որ ԼՂՀ—ն, պարզվում է, բազմաթիվ բարեկամներ ունի արդեն, որոնք պատրաստ են համագործակցություն ծավալել հանուն արդարության եւ խաղաղության։ Եվ Արցախ այցելելու թույլտվություն ստանալու համար ողջամիտ մարդիկ բնավ մտադիր չեն ամեն անգամ դիմել Բաքու՝ անգամ տխրահռչակ «սեւ ցուցակում» հայտնվելու հեռանկարին։
Դրանից ինքնաբերաբար այն եզրակացությանն ենք հանգում, որ պաշտոնական Բաքուն վերոնշյալ համագործակցությանն առայսօր պատրաստ չէ։ Այնպես որ, հարկ չկա «հալած յուղի տեղ» ընդունել այնտեղից պարբերաբար հնչեցվող բոցաշունչ հայտարարությունները խաղաղության եւ արդարության ձգտելու մասին, քանի որ ադրբեջանական վարչակազմն այդ հասկացություններն ընկալում է մի ինչ—որ, մեղմ ասած, ծռված մեկնությամբ, որն իրականության հետ ոչ մի կապ չունի։
Այս անգամ Բաքվում հատկապես գազազեցին այն փաստի կապակցությամբ, որ Ստեփանակերտի համաժողովին «հանդգնել» է մասնակցել ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով ՊԴ կոմիտեի փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը։ Փաստելով, որ Ռուսաստանում Արցախի բարեկամներից են ոչ միայն ազգությամբ հայերը (դե, ազգությամբ ադրբեջանցի, որ ինքնորոշված Արցախի կողմնակից լինի, այնտեղ դժվար թե գտնվի–Ա.Գ.), ռուսաստանցի քաղաքական գործիչը ողջունեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից դրսեւորվող «հսկայական նվաճումները խաղաղ կյանքում»՝ չնայած զոհերին ու տառապանքներին։ Իսկ այդ զոհերն ու տառապանքները, ինչը բնավ նորություն չէ, նույն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետեւանք են, եւ արցախա–ադրբեջանական սահմանագծին սադրանքները շարունակվում են նաեւ այսօր։
«Ռուսաստանը,–ընդգծել է Զատուլինը,–որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաքելությունը ստանձնած Մինսկի խմբին անդամակցող երկիր, ջանում է թույլ չտալ դրա ռազմական լուծումը՝ ամենուրեք հանդես գալով խաղաղ հանգուցալուծման օգտին։ Երբ 2016 թ. ապրիլին այդ խնդիրը ուժային եղանակով լուծելու փորձ ձեռնարկվեց, Ռուսաստանն իր կողմից արեց հնարավորը, որպեսզի այդ ուժային փորձը դադարեցվի»։
Ի դեպ, Ադրբեջանի հանդեպ ոչ մի քննադատական ակնարկ Զատուլինն իրեն Ստեփանակերտում թույլ չէր տվել։ Հակառակը՝ փաստել է այդ պետության հետ Ռուսաստանի լավ հարաբերությունները։ «Ռուս ժողովուրդն առաջին հերթին խիղճն ու արդարությունն է գնահատում։ Իսկ դրանք ձե՛ր կողմն են»,–դիմելով արցախցիներին՝ հայտարարել է Զատուլինը։ Գուցե այդ ամենի մասին հրապարակավ հիշեցո՞ւմն է այդքան զայրացրել պաշտոնական Բաքվին։ Բայց դե, փաստերը համառ բան են, դրանց դեմն առնել չկա…
Բոլոր դեպքերում, Բաքվից ժայթքած ջղաձգական արձագանքը չհապաղեց։ Հոկտեմբերի 15—ին Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանությունը հայտնեց, որ երկրի իշխանութունները բողոքի նոտա են ուղարկել ՌԴ ԱԳՆ՝ Լեռնային Ղարաբաղ Զատուլինի կատարած այցի կապակցությամբ։ Ինքը՝ Զատուլինը, ըստ նրա մամլո ծառայության եւ «ՌԻԱ նովոստիի», տվյալ արձագանքը բնութագրել է մեկ տարողաշատ բառով՝ «հիստերիկա»։ Ըստ նրա՝ ադրբեջանական կողմի ոչ ադեկվատությունը «առակ է դարձել». «Բաքուն իրեն իրավունք է վերապահում որոշել, թե որն են մեր շահերը»։
—Մարդու եւ ժողովուրդների իրավունքների պաշտպանութան գործում իր սկզբունքայնությամբ ու հետեւողականությամբ քաջ հայտնի Կոնստանտին Զատուլինի այցին Բաքվի վարչակարգի արձագանքը միանգամայն սպասելի էր,–ասում է արցախցի գրող եւ հրապարակախոս Աշոտ Բեգլարյանը։–Այդ քաղաքական գործիչը վաղուց արդեն Ադրբեջանի «սեւ ցուցակում» է։ Եվ այդ ցուցակը հետզհետե միայն գերաճելու է՝ համալրվելով ոչ անտարբեր ու ազնիվ անձնավորությունների անուններով։ Սակայն մեր հարեւանները երեւի մոռանում են, որ անմեղներին զրպարտելու նման մեխանիզմը բումերանգի նման հետ է վերադառնում ու հարվածում հենց այն կիրառողներին։ Նմանատիպ անիրավ «պիտակներ» աջ ու ձախ բաժանելով՝ Բաքուն արժեզրկում է իրեն։ Ուստի վերոհիշյալ «սեւ ցուցակը» կազմողները, կարծում եմ, վաղուց պետք է որ հրաժարվեն ադ հիմար ձեռնարկումից։
Իմիջիայլոց, Ստեփանակերտում կայացած համաժողովի մասնակիցներից էր նաեւ Հարավային Օսիայի Հանրապետության արտգործնախարար Դմիտրի Մեդոեւը։ Արդյոք, դատափետե՞լ է նրան Ադրբեջանի ղեկավարությունը նման «անթույլատրելի ինքնագործունեության» համար, դեռ հայտնի չէ։

Աշոտ ԳԱՐԵԳԻՆՅԱՆ



Источник

Комментарии

0

Читайте по теме

Россия говорит полуправду, потому что тяжелая российская государственная машина не принимает исторические, геополитические решения на основе лишь одного заявления. Об …

Посягательства на Декларацию о независимости Армении должны сплотить все политические и общественные силы и удостоиться серьезного отпора. Об этом заявил первый премьер …

Наши слова, озвученные за эти годы, подтверждаются в том смысле, что Азербайджан и турецко-азербайджанский тандем, добившись успеха после войны 2020 …

Ваш браузер устарел! Обновите его.